Հայ
Eng
Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
31 մարտի 2023

Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Ս․թ․ մարտի 28-ին տեղի ունեցավ «Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները և կայունության ապահովման հիմնախնդիրները բազմաբնակարան շենքերում» խորագրով աշխատաժողովը:  «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի շահառու և ոչ շահառու բազմաբնակարան շենքերի բնակիչների շրջանում իրականացված հարցման արդյունքները, ինչպես նաև քննարկել բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման և սպասարկման ոլորտին առնչվող խնդիրները:

 

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

 

Աշխատաժողովի ներկաներին ողջունելիս ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծեց ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների և բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման կարևորությունը, մասնավորապես Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ ջերմոցային գազերի արտանետումները 40 տոկոսով նվազեցնելու ստանձնած պարտավորության իրականացման համատեքստում՝ հատկապես հաշվի առնելով, որ շենքերում էներգասպառումը կազմում է երկրում սպառված էներգիայի շուրջ 37 տոկոսը: 

 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում 2019-2022թթ. ջերմաարդիականացման համաֆինանսավորում և տեխնիկական օժանդակություն է տրամադրվել 140 շենքի, որից՝ 98 բնակելի և 42 հասարակական: 2019թ․-ի վերջից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ ՄԱԶԾ բանակցությունների արդյունքում բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ներառվել են պետական սուբվենցիոն ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկում։

 

Ծրագրի շրջանակում իրականացված «ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ծրագրի շահառու և ոչ շահառու շենքերի բնակիչների կարծիքն էներգաարդյունավետության և, մասնավորապես, շենքի ջերմամեկուսացման արդյունքում ստացած կամ ակնկալվող օգուտների վերաբերյալ, ինչպես նաև գնահատել բնակիչների՝ ծրագրի շահառու դառնալու ցանկությունը/պատրաստակամությունը և ֆինանսական հնարավորությունը: Հարցման ընտրանքը ներառել է Արագածոտն, Արարատ, Լոռի, Շիրակ, Տավուշ, Սյունիք մարզերի և Երևանի 1,005 տնային տնտեսություն: Հարցմանը մասնակից ծրագրի շահառուների 91 տոկոսը լիովին կամ ավելի շուտ բավարարված է էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների արդյունքներից, իսկ 57 տոկոսը-ը նշել է, որ ծրագիրը նպաստել է տնային տնտեսության՝ գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցմանը:

 

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և շահառուների հետ քննարկվեցին նաև ծրագրի շրջանակում իրականացված «Համատիրությունների հիմնախնդիրները բազմաբնակարան շենքերի կառավարման և պահպանման հարցում» հետազոտության ընթացքում համատիրությունների հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան օրենսդրական և/կամ ինստիտուցիոնալ կարգավորումների վերաբերյալ առաջարկությունները:

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը կարևորեց իրականացված հարցման արդյունքում բացահայտված և մասնակիցների կողմից միջոցառման ընթացքում բարձրացված խնդիրների քննարկումը` ընդգծելով դրանց լուծման համար շահագրգիռ կողմերի ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը, և պատրաստակամություն հայտնեց հաշվի առնել դրանք՝ առաջիկա քաղաքականության մշակման օրակարգը ձևավորելիս:

 

Միջոցառմանը մասնակցեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների, հասարակական կազմակերպությունների, ՄԱԶԾ և այլ միջազգային կազմակերպությունների ավելի քան 45 ներկայացուցիչ:

 

Միջոցառման օրակարգը, ներկայացված նյութերը, ինչպես նաև հաշվետվությունների ամբողջական տարբերակները հասանելի են այստեղ

 

Ներկայացված նյութեր

 

«Համատիրությունների հիմնախնդիրները բազմաբնակարան շենքերի կառավարման և պահպանման հարցում»

 

«ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն»

 

Հաշվետվություններ.

 

«ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտության ամբողջական տարբերակը, հայերեն

 

«ՀՀ քաղաքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ սպառողների կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտության ամբողջական տարբերակը, անգլերեն

 

 

 


Կիսվել