Հայ
Eng
Արևելյան գործընկերության երկրների կլիմայական ինտեգրման փորձն ու մարտահրավերները քննարկվեցին ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովում
28 ապրիլի 2023

Արևելյան գործընկերության երկրների կլիմայական ինտեգրման փորձն ու մարտահրավերները քննարկվեցին ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովում

Ապրիլի 26-ին ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի շրջանակներում Բրյուսելում (Բելգիա) կայացավ Արևելյան գործընկերության երկրների կլիմայական քաղաքականությունների ինտեգրմանը նվիրված աշխատաժողով՝ գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտային առաջարկություններով:

 

Ավելի քան 40 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ ԱլԳ երկրների կառավարություններից, Եվրոպական հանձնաժողովից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, հասարակական կազմակերպություններից, մասնագետներ նախարարություններից, ոլորտի փորձագետներ համախմբվել էին ընդլայնելու պատկերացումները ԵՄ-ում և ԱլԳ երկրներում կլիմայական գործողությունների ինտեգրման մասին և փոխանակել  մտքեր քաղաքականությունների պլանավորման և իրագործման ընթացքում քաղած դասերի ու հանդիպած մարտահրավերների վերաբերյալ:

 

Ողջույնի խոսքում, պրն. Էրվան Մարտինը Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից (DG NEAR) խրախուսեց ԱլԳ երկրների գործողությունները էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի ոլորտներում, թափոնների կառավարման, գենդերային ռազմավարություններում, քանի որ ինտեգրումը առանձին գործողություն չէ և պետք է արտացոլվի քաղաքականությունների պլանավորման մեջ:

 

«ԵՄ-ն կշարունակի սատարել ԱլԳ երկրներին՝ արագացնելով նրանց տնտեսությունների ապաածխացնացման գործընթացները, իսկ «ԵՄ-ն կլիմայի համար»-ի ծրագրի կլիմայական ինտեգրման բաղադրիչը կաջակցի Փարիզյան համաձայնագրի իրականացման համար հստակ ոլորտային ուղեցույցների մշակմանը», - նշեց պարոն Մարտինը:

 

Անդրադառնալով «ԵՄ-ն կլիմայի համար»-ի ծրագրի շրջանակներում ԱլԳ երկրների  կողմից միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականությունների  մշակման ուղղությամբ հիմնական ձեռքբերումներին՝ Բրյուսելում ՄԱԶԾ ներկայացուցչության գրասենյակի փոխտնօրեն պրն. Ջորջ վեն Մանֆորտը նշեց.

 

«Աշխատաժողովի նպատակները, մեր դիտարկմամբ, կարևոր քայլ են կլիմայական քաղաքականությունների մշակումից անցում կատարելու դրանց իրականացմանը։ Հուսով եմ, որ այս միջոցառումը թույլ կտա ամրապնդել ԵՄ-ի և ԱլԳ երկրների միջև գործընկերությունը և ընդլայնել գիտելիքն ու փորձը կլիմայական ինտեգրման ոլորտում»:

 

Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի Մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին, կիսվելով Հայաստանում կլիմայի փոփոխության իրավիճակի տեղեկություններով, ընդգծեց ՄԱԶԾ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության կարևորությունը «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում կլիմայական քաղաքականությունների մշակման և իրականացման առումով՝ հաշվի առնելով, որ կլիմայի օրակարգը առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար և կլիմայի փոփոխության արագ աճող ազդեցությունները հրատապ միջոցառումների կարիք ունեն:

 

Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ տկն. Լարա Սարգսյանը ներկայացրեց այն ծրագրերն ու ռազմավարությունները, որոնցով Հայաստանն առաջնորդվում է կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականությունների մեջ ներառելու համար: Ներկայացնելով կլիմայի քաղաքականության շրջանակը՝ նա տեղեկություններ տրամադրեց գյուղատնտեսության, ՀՕՀՕՓԱՏ  և տրանսպորտի ոլորտներում կլիմայի ինտեգրման ոլորտային ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև զեկուցեց «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակման ենթակա փաստաթղթերի մասին, որոնք հետագայում կօժանդակեն կլիմայական ինտեգրման գործընթացին:

 

Ուսումնասիրությունների ներկայացմանը նվիրված հատվածում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ներկայացրեց «Հայաստանի ուսումնասիրությունը՝ 2022-2030 թթ. էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագիրը»՝ շեշտադրելով էներգետիկայի ոլորտում կլիմայի ինտեգրման տեսլականը, ծրագրի նպատակները, թիրախները և դրա իրականացմանն ուղղված միջոցառումները, ցածր ածխածնային զարգացման հեռանկարները՝ վերականգնվող ռեսուրսների օգտագործումը խթանելու միջոցով, ինչպես նաև՝ ՀԸԳՀ-ի շրջանակներում ՀՀ էներգետիկ ոլորտի կանոնակարգերը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացը:

 

Ներկայացված հիմնական զեկույցները վերաբերում էին ԵՄ մակարդակում կլիմայի ինտեգրման մոտեցումներին, ներառյալ բյուջետավորմանը և ֆինանսական գործիքներին, կանաչ վերափոխման ֆինանսավորման համար ԵՄ տաքսոնոմիայի կանոնակարգերին: Բացի այդ, խոսվեց էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում կլիմայական ինտեգրման ԵՄ հաջողված փորձի, Արևելյան գործընկերության տարածաշրջանում Էներգետիկ և կլիմայական կառավարման համակարգի ներդրման և Ազգային էներգետիկ և կլիմայական համապարփակ պլանների (NECP) նախապատրաստման գործընթացի կարգավիճակի ու քաղած դասերի վերաբերյալ:

 

Հաջորդեց ինտերակտիվ մասը, որի ժամանակ մասնակիցները խմբերով մտքեր փոխանակեցին տեղական մակարդակում կլիմայական ինտեգրման գործընթացներում և գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում միջոլորտային համագործակցության շուրջ իրենց պատկերացումների, փորձի և հիմնական մարտահրավերների մասին:

 

Օրակարգ

Զեկույցներ


Կիսվել