Հայ
Eng
ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «Կլիմայական խոստում» ծրագրի շրջանակներում Երևանը կունենա Կայուն էներգիայի և կլիմայական գործողությունների ծրագիրը (ԿԷԿԳԾ)
28 օգոստոսի 2023

ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «Կլիմայական խոստում» ծրագրի շրջանակներում Երևանը կունենա Կայուն էներգիայի և կլիմայական գործողությունների ծրագիրը (ԿԷԿԳԾ)

Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt

Հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի շրջանակներում մշակվելիք Երևանի Կայուն էներգիայի և կլիմայական գործողությունների ծրագրի (ԿԷԿԳԾ) մեկնարկային փուլի հանդիպումը:

 

Հանդիպման նպատակն էր  քննարկել անհրաժեշտ գործողությունները նախանշել և գնահատել փաստաթղթի մշակման ընթացիկ կարիքներն ու բացերը հիմնական գործընկերների հետ: Փաստաթղթի մշակման համար արդեն ընտրվել է մասնագիտացված ընկերություն՝ «Էներգախնայողության և աջակցության հիմնադրամը»:

 

Մեկնարկային հանդիպմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ գրասենյակի ոլորտի հիմնական փորձագետները, ինչպես նաև՝ քաղաքապետարանի տարբեր համայնքային ոլորտներ ղեկավարող և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնակիցներ «Էներգախնայողության և աջակցության հիմնադրամից»։

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի հետ շարունակական համագործակցությունը Երևանում և Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և էներգախնայողության առաջմղման գործում՝ ուշադրություն հրավիրելով համատեղ համագործակցության հիմնական ձեռքբերումների վրա։

 

«Այս հանդիպման կարևորությունը կայանում է նրանում, որ այն հիմք ստեղծի ԿԷԿԳԾ-ի մշակման արդյունավետ մեկնարկի համար և առաջիկա տարիների համար էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում Երևանի քաղաքապետարանի օրակարգի իրականացման համար»,- նշեց պարոն Հարությունյանը։

 

 «Իսկապես, սա շատ կարևոր փաստաթուղթ է, որն այժմ Երևանին անհրաժեշտ է, քանի որ մինչև 2030 թվականը քաղաքը պետք է կատարի Քաղաքապետերի դաշնագրով քաղաքապետարանի ստանձնած պարտավորությունները: Ավելի վաղ՝ 2014թ. Երևանի քաղաքապետարանի ավագանին հաստատել էր մեր մշակած էներգախնայողության առաջմղման գործողությունների պլանը, որն այն ժամանակ խորը վերլուծության չենթարկվեց կարիքներն ու բացերը բացահայտելու, շտկելու և վերջնական պլանը մշակելու համար»,- նշեց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը՝ ընդգծելով ՄԱԶԾ-ի հետ քաղաքապետարանի արդյունավետ համագործակցությունը։

 

Այնուհետև «Էներգախնայողության և աջակցության հիմնադրամի» թիմի ղեկավար Աստղինե Պասոյանը ներկայացրեց Երևանի կայուն էներգիայի և կլիմայական գործողությունների 2020-2030 թվականների ծրագիրը՝ ուշադրություն հրավիրելով անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման, դրանց մշակման և համակարգման, ելակետային տվյալների ռեգիստրի մշակման, էներգետիկ զարգացման ծրագրերի կայուն մոնիտորինգի, ռիսկերի և խոցելիության գնահատման, մեղմման և հարմարվողականության միջոցառումների վրա:

 

Հանդիպումն արդյունավետ էր անհրաժեշտ երկկողմանի պայմանավորվածությունների ձեռքբերման առումով՝ անհրաժեշտ գործողություններ սկսելու և հաջորդ քայլերը սահմանելու համար, որպեսզի հետագայում մշակվի Երևանի կայուն էներգիայի և կլիմայական գործողությունների ծրագիրը։

 

Զեկույցներ


Կիսվել