Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագիրը շարունակում է իրազեկել կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացի վերաբերյալ
19 նոյեմբերի 2019

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագիրը շարունակում է իրազեկել կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացի վերաբերյալ

Alt

«Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» միջոցառման ընթացքում Լոռու մարզի երիտասարդները քննարկել են Հայաստանում և աշխարհում կլիմայի փոփոխության մարտահրավերները 


Նոյեմբերի 19-ին Լոռու մարզում տեղի ունեցավ «Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» միջոցառումը: Վերջինս նպատակ ուներ բարձրացնել կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածությունը երիտասարդների և մանկավարժների շրջանում, քննարկել կլիմայի փոփոխության հարմարվողականության ու մեղմման հնարավոր միջոցառումները, ներկայացնել կայուն զարգացման ոլորտում պահանջված անձնային և մասնագիտական հմտություններն ու խրախուսել երիտասարդների մասնակցությունն այս ոլորտում իրականացվող ծրագրերում: Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ծրագրի շրջանակում՝ Լոռու մարզպետարանի և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի աջակցությամբ:


Իր ողջույնի խոսքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն ընդգծեց կլիմայի փոփոխության ռիսկերի վերաբերյալ հատկապես երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացման, «կանաչ» հմտությունները զարգացման, ինչպես նաև համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցություն խրախուսման կարևորությունը:


Միջոցառման ընթացքում Վանաձորից, Ստեփանավանից, Տաշիրից, Թումանյանից, Դսեղից, Փամբակից և Դեբեդից երեսունհինգ երիտասարդներ ու մանկավարժներ հնարավորություն ունեցան ծանոթանալ կլիմիայի փոփոխության ռիսկերի և խոցելիության, ինչպես նաև էներգաարդյունավետության և կանաչ տեխնոլոգիաների կիրառման հիմնահարցերին, քննարկել հարմարվողականության հնարավոր լուծումներն ու կայուն զարգացման համատեքստում աշխատաշուկայում ձևավորվող նոր «կանաչ» մասնագիտությունները:


«Կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկումը, վերջինիս ռիսկերի և մարտահրավերների վերաբերյալ հանրության հստակ պատկերացումն ապահովելու համար,  կլիմայի փոփոխության հարմարվողականության խթանման կարևոր մասն է: Երիտասարդների ներգրավվածությունն իրենց բնակավայրերի կյանքում օրեցօր աճում է: Անհրաժեշտ աջակցություն ու գիտելիք ստանալու դեպքում նրանք կարող են էական դերակատարություն ունենալ իրենց բնակավայրերի խնդիրները հասկանալու և բարձրաձայնելու, ինչպես նաև դրանց համար լուծումներ գտնելու հարցում», ասաց ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը՝ նշելով որ Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրների շարքում է և ընդգծելով ազգային հարմարվողականության պլանի մշակման անհրաժեշտությունը երկրի դիմադրողականության և կայուն աճի ապահովման համար:


Միջոցառման սկզբում երիտասարդների համար կազմակերպվել էր բլից հարցում, որին հաջորդեցին թիմային պրակտիկ աշխատանքներ, որոնց ընթացքում միջոցառման մասնակիցները մշակեցին ծրագրեր ուղղված ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, տուրիզմի և բնակավայրերի զարգացման ոլորտներում առկա խնդիրների լուծմանը: «Նորարարկան լավագույն լուծում», «Կլիմայի փոփոխության հարմարվողականության լավագույն լուծում» և «Կլիմայի փոփոխության մեղմման լավագույն լուծում» անվանակարգերում ժյուրիի անդամները առանձնացրեցին լավագույն 3 ծրագիր: Միջոցառման բոլոր մասնակիցները ստացան վկայականներ և նվերներ:


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն իր գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում կարևորել է համակողմանի զարգացման հնարավորությունների ստեղծումը գյուղական միջավայրում ապրող երեխաների և նրանց ընտանիքների համար։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի «ՍՄԱՐԹ քաղաքացիության» կրթակարգի ներդրմամբ՝ առավել ևս փորձում ենք ձևավորել այնպիսի քաղաքացի, ով կարժևորի այդ թվում նաև «կանաչ» հմտությունների զարգացումը և կունենա իրազեկվածության բարձր մակարդակ տեղականից մինչև գլոբալ խնդիրներ», ասաց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի Գործառնությունների տնօրեն Քրիստ Մարուքյանը:


 


 



Կիսվել