Հայ
Eng
Վերաբերվելով անտառին ընտանիքի պես․ ԵՄ-ն աջակցում է անտառի պահապաններին փրկելու շրջակա միջավայրը՝ անտառներն առողջ պահելով
10 հունիսի 2020

Վերաբերվելով անտառին ընտանիքի պես․ ԵՄ-ն աջակցում է անտառի պահապաններին փրկելու շրջակա միջավայրը՝ անտառներն առողջ պահելով

Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Հայաստանի հյուսիսում գտնվող ամենագեղեցիկ բնապատկերներում ընդգրկված են ծառերի ու անտառների հազարավոր հեկտարներ, որոնք պահպանվում են անտառների և հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման շնորհիվ։


Ամիրխանյան Նորայրը Հայաստանի Տավուշի մարզում գտնվող Հայանտառ ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղը հսկող յոթ անտառապետներից մեկն է։ Ամեն օր նա 50 կամ ավելի կիլոմետր է անցնում՝ իր ենթակայության տակ գտնվող անտառածածկ հողերին հետևելու, վայրի բնության բնավայրերը խնամելու, նաև նոր ծառերի տնկման ու դրանց առողջ աճն ապահովող ծրագրերի մշտադիտարկման նպատակով։    


Նորայրը 45 տարեկան է, ավելի քան 10 տարի առաջ սկսել է աշխատել որպես անտառատեխնիկ, հետո դարձել է անտառապետ։ Անտառի ու նրա բնակիչների հանդեպ սերը ժառանգել է պապից, որը «Նոյեմբերյանի անտառտնտեսության» հիմնադիրներից մեկն էր։ Այդ ժամանակներից ի վեր մշտապես ցանկացել է ուսումնասիրել բոլոր բուսատեսակներն ու ծառերը, ճանաչել անտառի գաղտնիքները։


Նորայրը երբեք չի դադարում սովորել, իսկ այժմ փորձում է գիտելիք ստանալ ավագ անտառապետ Վոլոդյա Ղարագյոզյանից (հայտնի է որպես «Մոսո»), որը և՛ իր ուսուցիչն է, և՛ ընկերը։ Նրանք միասին զբաղվում են տնկարաններով, անտառի նոսրացման,ընտրովի ծառահատման ծրագրեր մշակում և հատատեղեր կառավարում։ Բանավոր կերպով, սերնդեսերունդ փոխանցվող նման գիտելիքը կարևոր նշանակություն ունի անտառի ամբողջականության պահպանման հարցում։ «Մենք անտառին ընտանիքի պես ենք վերաբերվում»,- ասում է Նորայրը։ «Խնամում ենք ծառերն ու շրջակա միջավայրը, որպեսզի բոլորը կարողանան այն վայելել թե՛ հիմա, թե՛ տարիներ անց»։  


Ոմանց համար գեղատեսիլ անտառներում բնությունը հետազոտելու նպատակով անցկացրած ժամանակի համար վարձատրվելը կարող է գրավիչ թվալ ու նմանվել երազանքի։ Բայց իրականում անտառապահի կյանքը բոլորովին էլ հեշտ չէ, ու մարդ կարող է նման կարևոր, սակայն դժվար աշխատանքի մարտահրավերները հաղթահարել միայն անձնուրաց նվիրման ու անտառի նկատմամբ անվերապահ սիրո շնորհիվ։  


Արդեն երկու տարի է, ինչ Մեսրոպյան Ստեփանն ամբողջ օրն անցկացնում է «Իջևանի անտառտնտեսությունում»՝ նույնիսկ հանգստյան օրերին զրկելով իրեն քնելու կամ ընտանիքի հետ շփվելու հնարավորությունից։ Նա պատասխանատու է «Իջևանի անտառտնտեսության» մաս կազմող մոտ 1,300 հեկտար տարածությամբ վեցերորդ պահաբաժնի համար, որն արդեն նրա երկրորդ տունն է դարձել ։ Ստեփանի օրը սկսվում է առավոտյան ժամը վեցին,արթնանում է ու անմիջապես անտառ գնում։ Խորհրդային տարիների՝ իր հնացած «Վիլիսով» նա տասնյակ կիլոմետրերի անանցանելի ճանապարհ է կտրում հարակից անտառածածկ սարեր հասնելու համար։


Ստեփանն ուսումնասիրում է անտառների հողերը, գնահատում հրդեհների ռիսկերը, փորձում կանխել ապօրինի ծառահատումներն ու որսագողությունը, նաև աջակցում է ցանկապատներիկառուցմանը նոր տնկիները պաշտպանելու նպատակով։ Մի խոսքով՝ պահպանում է անտառը։ Իր հսկողության տակ գտնվող տարածքն այնքան մեծ է, որ վնասարար գործունեություն հայտնաբերելը հաճախ դժվար է։ Այդուհանդերձ, խիստ մշտադիտարկման շնորհիվ վերջին տարիների ընթացքում ապօրինի ծառահատումների թիվը նվազել է։  


Վերհիշելով այն ժամանակները, երբ ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում հազարավոր ծառեր էին հատվում, Ստեփանն ասում է․ «1990-ականներին անտառը մեզ պահեց։ Հիմա էլ անտառը պահելու մեր հերթն է»։  


«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն օգնում է Արևելյան գործընկերության վեց երկրների կառավարություններին, այդ թվում՝ Հայաստանին, դիմակայել կլիմայի փոփոխությանը։ Այն աջակցում է երկրներին «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի կենսագործման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում։ Ծրագրի նպատակն է՝ սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և ավելի դիմակայուն դարձնել նրանց։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից։


 



Կիսվել