Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են ՀՀ ջրային ոլորտի խոցելիությունը, առկա ռիսկերն ու հարմարվողականության հնարավորությունները
08 հունիսի 2020

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են ՀՀ ջրային ոլորտի խոցելիությունը, առկա ռիսկերն ու հարմարվողականության հնարավորությունները

Alt Alt
Alt Alt

Հունիսի 4-ին առցանց հարթակում կայացած աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին «Կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ, խոցելիության գնահատման և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման բացերի ու խոչընդոտների բացահայտում և վերլուծում» ուսումնասիրության արդյունքները: Վերլուծությունն իրականացվեց «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում «Գեոինֆո» ՍՊԸ-ի կողմից:


Հայաստանում ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն իր ողջույնի խոսքում ընդգծեց ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման կարևորությունը Հայաստանում կլիմայի փոփոխության առկա մարտահրավերները հաղթահարելու գործընթացում:


«Կլիմայի փոփոխությունը տեսական խնդիր չէ Հայաստանի համար, այն արդեն իր ազդեցությունն ունի երկրի տնտեսության և հասարակության վրա: Չնայած երկիրը դեռևս  ջրի սակավության եզրին չէ, բայց գտնվում է այս առումով բարձր ռիսկային գոտում, և կան համայնքներ որտեղ արդեն դիտվում է ջրային ռեսուրսների պակաս: Հայաստանին արդեն սպառնում է պարենային անվտանգության խնդիրը՝ պայմանավորված հողօգտագործման և գյուղատնտեսության ոչ կայուն զարգացմամբ. հաճախացել են նաև բնակլիմայական վտանգավոր երևույթները: Սրանք գլոբալ միտումներ են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանում: Ինչպես գիտենք, կլիմայի փոփոխությունն իր ազդեցությունն ունի ջրի շրջապտույտի վրա՝ փոփոխելով տեղումների պարբերականությունը, բարդացնելով ջրային ռեսուրսների հասանելիության և պաշարների վերաբերյալ կանխատեսումներն ու ազդելով ջրի որակի վրա», նշեց Դմիտրի Մարիյասինը:


ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը կարևորեց ՀԱԾ ծրագրի իրականացումը, ինչպես նաև դրա շրջանակում իրականացվող ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրական փաթեթների պատրաստման ու ոլորտում իրավական բարեփոխումների անհրաժեշտությունը:


«ՀԱԾ ծրագիրն անկյունաքարային է մեր նախարարության համար, որովհետև մենք ակնկալում ենք, որ թե ջրային ոլորտում, թե ծրագրի շրջանակում ներառված այլ ոլորտներում կմշակվեն վերջնական օրենսդրական փաթեթներ, որոնց միջոցով կառավարությունը և պետական այլ գերատեսչություններ կներգրավվեն այս գործընթացում՝ ծրագիրն իրապես ազգային դարձնելով: Ինչպես փորձը ցույց է տալիս, պատշաճ վերլուծությունից և իրավիճակի շատ լավ ախտորոշումից բացի, անհրաժեշտ են նաև համապատասխան լուծումներ՝ հատկապես օրենսդրական գործիքակազմի մասով: Դրանցից կբխեն այն կարևոր միջոցառումները, և կստեղծվի այն ենթակառուցվածքը, որոնք իսկապես երկիրը կդարձնեն պակաս խոցելի կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ», իր ելույթում ասաց փոխնախարար Ղափլանյանը:


Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքում ջրային ոլորտում հայտնաբերած բացերը, ռիսկերը, խոչընդոտներն ու դրանց հաղթահարման առաջարկությունները: Քննարկվեցին նաև ջրային ռեսուսրների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների արդյունավետ պլանավորման և իրականացման, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ դաշտի բարելավման համար անհրաժեշտ քայլերը: Փորձագետներն անդրադարձան նաև ՀՀ հիդրոօդերևութաբանական մոնիտորինգի ծառայություններին՝ ներկայացնելով  դրանց արդիականացմանն ուղղված առաջարկներ:


Միջոցառմանը մասնակցեց ոլորտի շուրջ 40 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի նախարարության, պետական մարմինների, համալսարանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:


 


Միջոցառման ընթացքում ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:



Կիսվել