Հայ
Eng
Ընդունվել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության իրականացման 2023-2026թթ միջոցառումների ծրագիրը
26 հուլիսի 2023

Ընդունվել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության իրականացման 2023-2026թթ միջոցառումների ծրագիրը

Alt

Կառավարության որոշմամբ, լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության N 1886-Լ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման մեջ:

 

Որոշման ընդունումը պայմանավորված է 2020-2030թթ. ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների նոր ծրագրի ընդունման անհրաժեշտությամբ։

 

Որոշմամբ սահմանվել են այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել 2023-2026թթ., դրանց իրականացման համար հնարավոր ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները:

 

Կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի խոցելիությունը և ոլորտի կայուն զարգացման համար կլիմայի բացասական ազդեցությունների նվազեցմանն ուղղված հարմարվողականության միջոցառումների կարևորությունը հաշվի առնելով՝ առաջարկվող միջոցառումների ծրագրում ներառվել են նաև «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում մշակված՝ գյուղատնտեսության ոլորտի հարմարվողականության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

 

Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված որոշման հիմնավորման համաձայն՝ ոլորտի ընդհանուր զարգացումն ապահովելու համատեքստում, 2023-2026թթ. միջոցառումների ծրագիրը միտված է մասնավորապես նպաստել կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի դիմակայունության, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ հարմարվողականության կարողության և արդյունավետության բարձրացմանը:

 

Մասնավորապես՝ հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա միջոցառումներով նպատակ է դրվում հզորացնել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կառույցների, գյուղացիական տնտեսությունների և համապատասխան մասնագետների կարողությունները, այդ թվում՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խոցելիությունների կրճատմանն ուղղված հարմարվողականության կարողությունները:

 

Բացի այդ, նախատեսվում է կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության դիմակայունության բարձրացման նպատակով պարբերաբար մշակել և գործարկել ապահովագրական նոր պրոդուկտներ, մշակել և ներդնել փոփոխվող բնակլիմայական պայմաններին համապատասխան սերմնաբուծության և սերմարտադրության ոլորտներին հասցեական աջակցության արդյունավետ մեխանիզմներ, ներդնել հողային և ջրային ռեսուրսների օգտագործման կայուն ու խնայողական տեխնոլոգիաներ, մշակել և իրականացնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը մեղմող միջոցառումներ, այդ թվում՝ վաղ ազդարարման համակարգի գործարկումը, աջակցել սառնարանային տնտեսությունների ներդրմանը, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, խրախուսել ինտենսիվ այգեգործությունը, կանխարգելել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիվանդությունների և վնասատուների տարածումը և այլն։

 

Միջոցառումների իրականացումը կնպաստի նաև գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության, վտանգների և խոցելիությունների վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացմանը, գյուղատնտեսական արտադրության դիմակայունության բարձրացմանը կլիմայի փոփոխության ազդեցությունների, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ, ինչպես նաև ոլորտին և տնտեսվարողներին հասցվող վնասների կրճատմանը։

 

Կառավարության որոշումը և 2023-2026թթ միջոցառումների ծրագիրը հասանելի են այստեղ:

 


Կիսվել