Հայ
Eng
Ազգային և միջազգային ջանքերը միավորվում են հանուն Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված ներդրման վերանայման՝ համաձայն Փարիզի համաձայնագրի
31 հունվարի 2020

Ազգային և միջազգային ջանքերը միավորվում են հանուն Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված ներդրման վերանայման՝ համաձայն Փարիզի համաձայնագրի

Alt

Հայաստանը պարտավորվել է մինչև 2020 թ. վերանայել երկրի Ազգային մակարդակով սահմանված ներդրումը (ԱՄՍՆ)՝ ուղղված կլիմայի փոփոխության ահագնացող ազդեցություններին և մեղմելու վերջինիս վտանգները՝ վերջնանպատակ ունենալով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները համաձայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի:


Որպես Արևելյան գործընկերության երկիր և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շահառու՝ Հայաստանն աջակցություն է ստանում ԱՄՍՆ-ի վերանայման և երկրի կլիմայական օրակարգն իրագործելու համար:


Հունվարի 30-ին՝ ԱՄՍՆ-ի վերանայման գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով, տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում պետական մարմինների, ԱՄՍՆ գործընկերության ղեկավար կազմի և փորձագետների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՄԱԶԾ գրասենյակի ներկայացուցիչների, «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի հայաստանյան թիմի և միջազգային խորհրդատուի մասնակցությամբ:


Քննարկման նպատակն էր մտքեր փոխանակել ԱՄՍՆ-ի վերանայման գործընթացի վերաբերյալ՝ ԵՄ «Կանաչ գործարք» և ՄԱԶԾ «Կլիմայի խոստում» նախաձեռնությունների լույսի ներքո:


ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը ողջունեց  մասնակիցներին և կարևորեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ որպես Հայաստանի կլիմայական օրակարգի առաջմղման և համակարգման առաջատար ազգային պատասխանատու մարմնի և մյուս նախարարությունների, միջազգային դոնորների ու գործընկերների միջև համագործակցությունը:


Ելույթով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհայելա Ստոյկոսկան և ընդգծեցին, որ անհրաժեշտ է մեկտեղել ջանքերը հանուն ավելի հավակնոտ նպատակներով ԱՄՍՆ-ի ստեղծման և ընդլայնել վերջինիս գործունակության ֆինանսական ռեսուրսների և ինստիտուցիոնալ կառուցվածքի առումով:


Իր ողջույնի խոսքում Իրինա Ղափլանյանը նշեց 2019 թ. դեկտեմբերին Եվրոպական միության նախաձեռնության մասին, որով ԵՄ-ը գլոբալ առաջանորդություն ստանձնեց ընդդեմ կլիմայի փոփոխության և լուրջ հանձնառություններ սահմանեց ԵՄ «Կանաչ գործարք»-ի շրջանակներում ածխածնի արտանետումների կրճատման ուղղությամբ: Փոխնախարարը բարձր գնահատեց գործընկերների միջև ամուր համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԱՄՍՆ գործընկերության ներկայացուցիչներին՝ փորձագիտական և տեխնիկական աջակցության միջոցով ԱՄՍՆ-ի վերանայման բացառիկ կարևոր գործընթացի աշխատանքներում ներդրում ունենալու համար:


«Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի համար մեծ պատիվ է այս շրջադարձային պահին օժանդակել և մոբիլիզացնել իր ուրույն գլոբալ դիրքորոշումն ու ռեսուրսները արագացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման և ածխածնային չեզոք արտանետումների հասնելուն ուղղված առավել հստակեցված ազգային ծրագրերի գործողությունները: 2019թ. ՄԱԶԾ-ը նախաձեռնել է «Կլիմայի խոստումը»՝ պարտավորություն ստանձնելով  աջակցել աշխարհի 100 երկրներին ԱՄՍՆ-ների վերանայման հարցում», - իր խոսքում նշեց Միհայելա Ստոյկոսկան: Նա նաև կարևորեց «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ երկրի կլիմայական օրակարգով սահմանված հավակնոտ նպատակներին հասնելու համար:


Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օժանդակության / համագործակցության հարցերով պատասխանատու պարոն Անդրեա Բաջիոլին շեշտեց, որ անհրաժեշտ է ուժեղացնել ազդեցության հնարավորությունները կլիմայական գործողությունների, մաքուր էներգիայի անցման, արտադրանքի բազմանվագ օգտագործմամբ տնտեսության, թափոնների կառավարման, շրջակա միջավայրի սանիտարական վիճակի և աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև՝ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ: Պարոն Բաջիոլին վերահաստատեց, որ այդ կանաչ նպատակները պետք է ներառվեն ազգային ռազմավարական քաղաքականությունների մեջ:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի տեղակալ Հակոբ Վարդանյանը խոսեց այն ձեռքբերումների և շարունակական քայլերի մասին, որոնք հիմնականում ուղղված են էներգետիկայի ոլորտի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը: Փոխնախարարը ներկայացրեց արևային էներգիայի օգտագործման ընդլայնումը, վերականգնվող էներգիայի ուղղությամբ Հայաստանի նպատակադրումները մինչև 2026 թ. ստեղծելու 1000 ՄՎ հզորությամբ արևային էլեկտրակայաններ, միջուկային և ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգերի արդիականացման պլանները:


Այնուհետև, «ԵՄ- կլիմայի համար» ծրագրի հայաստանյան թիմը ներկայացրեց ՄԱԶԾ «Կլիմայի խոստման» հիմնական գործողությունները, «ԵՄ- կլիմայի համար» ծրագրի շրջանակներում ԱՄՍՆ-ի վերանայման գործընթացին աջակցող բաղադրիչների ու հաջորդ քայլերի տեսլականի մասին:


Այնուհետև ներկայացվեց ԱՄՍՆ գործընկերության շրջանակը, դրա առաքելությունը, ձեռք բերված արդյունքներն ըստ երկրների և գործընկերության շրջանակում երկրների ընդգրկման փուլերը, Հայաստանի գործընկերության ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ինչպես նաև՝ խոսվեց 2020 թ. երկրի աշխատանքային պլանի վերջնաժամկետների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:


Քննարկման տեխնիկական մասում Մարժենա Խոդորը՝ «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի ԱՄՍՆ բաղադրիչի միջազգային խորհրդատուն ներկայացրեց ԱՄՍՆ վերանայման գործընթացի կարգը, ԵՄ օրենսդրական ռազմավարությունը Փարիզյան համաձայնագրով սահմանված նպատակների իրագործման և երկրների կողմից երկարաժամկետ ցածր ջերմոցային գազերի արտանետումների ռազմավարությունների մշակման մասին:


Ինտերակտիվ քննարկման միջոցով անդրադարձ կատարվեց կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության, ցածր ածխածնային զարգացմանը,  ֆինանսավորմանն առնչվող հարցերի, ինչպես նաև ինստիտուցիոնալ ձևավորմանն ու ընթացակարգերին, որոնք պահանջում են ջանքերի համակենտրոնացում և ոլորտային հավակնությունների ուժեղացում:


Ընդհանուր առմամբ, հանդիպումը արդյունավետ հարթակ ծառայեց ազգային և միջազգային դերակատարների միջև գաղափարների փոխանակման համար և հիմք դրեց առաջիկա քննարկումների համար՝ մուտք գործելու ԱՄՍՆ-ի վերանայման գործընթացի հաջորդ փուլ:



Կիսվել