Հայ
Eng
Եվրոպական հանձնաժողովի կլիմայական հավակնությունն է մինչև 2030 թվականը արտանետումների մակարդակը կրճատել 55 տոկոսով
18 սեպտեմբերի 2020

Եվրոպական հանձնաժողովի կլիմայական հավակնությունն է մինչև 2030 թվականը արտանետումների մակարդակը կրճատել 55 տոկոսով

Alt

Սեպտեմբերի 16-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց իր ծրագիրը մինչև 2030 թվականը Եվրոպական միությունում ջերմոցային գազերի արտանետումների քանակը 1990 թ. համեմատ առնվազն 55 տոկոսով կրճատելու մասին, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության մասին Եվրոպական օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը: 


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ասաց. «Մենք մեր ուժերի ներածին չափով անում ենք հնարավորը եվրոպացիներին տված մեր խոստումը կատարելու համար, այն է՝ մինչև 2050 թվականը Եվրոպան դարձնել աշխարհում արտանետումներով չեզոք առաջին աշխարհամասը: Այսօր ուղենշային է այդ ճանապարհորդության համար: Մինչև 2030 թվականը ԵՄ-ում ջերմոցային գազերի արտանետումների քանակը առնվազն 55 տոկոսով կրճատման նոր թիրախով սկիզբ կդնենք ավելի մաքուր մոլորակի և կանաչ վերականգնողությանը»:


Նոր թիրախը հիմնված է «Ազդեցությունների գնահատման» համապարփակ զեկույցի վրա, որում դիտարկվել են սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները: Ազդեցության գնահատումը հստակ ցույց է տալիս, որ նոր թիրախի իրագործմամբ ԵՄ-ն հաստատուն քայլ կանի հասնելու չեզոք արտանետումների մինչև 2050 թվականը և Փարիզյան համաձայնագրով սահմանված պարտավորությունների իրականացմանը: Եվրոպայի համար 2030 թիրախը հավակնոտ, իրագործելի և օգտավետ է, և ԵՄ «Կանաչ գործարքը» այդ վերափոխումն իրագործելու նախագիծն է:


Ջերմոցային գազերի արտանետումների քանակի 55 տոկոսով կրճատմանը հասնելու համար անհրաժեշտ կլինի գործողություններ ձեռնարկել տնտեսության բոլոր ոլորտներում: ԵՄ-ում հանածո վառելիքի այրման արդյունքում CO2 արտանետումները հանդիսանում եմ  ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրը: Էներգետիկ ոլորտում ոչ CO2 արտանետվող գազերի հետ միասին դրանք կազմում են ԵՄ ջերմոցային գազերի արտանետումների 75-ից ավելին: Սա ընդգծում է էներգետիկ ոլորտի էական դերը արտանետումներով չեզոք տնտեսության անցնելու գործընթացում: Շենքերն ու տրանսպորտը, արդյունաբերության հետ միասին էներգիայի հիմնական օգտագործող սեկտորն են և արտանետումների աղբյուրը: Չեզոք արտանետումների հասնելու համար կարևոր է ոչ ածխածնային էներգետիկ ռեսուրսների մատակարարման ու պահանջարկի բավարարումը:


Հանձնաժողովը հրավիրել է Եվրոպական Խորհրդարանին և Խորհրդին հաստատելու 55 տոկոսի թիրախը որպես Փարիզյան համաձայնագրի ներքո ԵՄ նոր «Ազգային մակարդակով սահմանված ​​ներդրումներ» (ԱՄՍԳ) և ներկայացնելու այն ՄԱԿՓՇԿ Քարտուղարությանը մինչև տարեվերջ: Հանձնաժողովը սահմանել է նոր նպատակն իրականացնելու համար օրենսդրական առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն մինչև 2021 թ․ հունիսը։ Այդ առաջարկների թվում են հողօգտագործման արդյունքով առաջացող արտանետումները, էներգախնայողության ընդլայնումը, վերականգնվող էներգիայի քաղաքականությունների ամրապնդումը և տրանսպորտային միջոցների CO2 արտանետումների ստանդարտների հստակեցումը:


2030 թ. նոր կլիմայական նպատակը նաև խթանելու է Եվրոպայի տնտեսական վերականգնումը կորոնավիրուսային համավարակից՝ ներդրումներ կատարելով ռեսուրսարդյունավետ, ցիրկուլյար (շրջանաձև) տնտեսության մեջ, խթանելով նորարարություն մաքուր տեխնոլոգիաներում և ստեղծելով «կանաչ» աշխատատեղեր:


 



Կիսվել