Մարտի 20-ին հրապարակվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) վեցերորդ գնահատման զեկույցի ընդհանրացված հաշվետվությունը:
Հաշվետվությունն ամփոփում է 2015թ-ից ի վեր ոլորտի զարգացումներն ու հիմնարար գիտական ներդրում տրամադրում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 28-րդ համաժողովի (COP28) համար, որի ընթացքում վերանայվելու է Փարիզի համաձայնագրով սահամանված նպատակների ուղղությամբ կատարված աշխատանքների առաջընթացը:
Ինտերլակենում կայացած մեկշաբաթյա տևողությամբ նիստի ընթացքում հաստատված հաշվետվությունը զգալի ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած կորուստների և վնասների վրա, որոնք առավել մեծ բացասական ազդեցություն ունեն հատկապես խոցելի բնակավայրերի և էկոհամակարգերի վրա:
Զեկույցում նշվում է, որ նախաարդյունաբերական շրջանի համեմատ գլոբալ ջերմաստիճանի 1,5°C-ով աճի սահմանաչափը դեռևս հասանելի է, և ուրվագծվում են դրան հասնելու համար անհրաժեշտ գործողությունները:
Այս համատեքստում, էապես կարևորվել է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության արագացված գործողությունների իրականացումը՝ առկա և անհրաժեշտ հարմարվողականության միջոցառումների միջև եղած բացը լրացնելու համար: Միևնույն ժամանակ, կլիմայի փոփոխության տեմպերի մեղմման համար պահանջվում են ջերմոցային գազերի արտանետումների էական, արագ և կայուն կրճատումներ բոլոր ոլորտներում: 1,5°C-ի սահմանաչափը պահելու համար՝ արտանետումները պետք է շարունակաբար նվազեցնել՝ մինչև 2030 թվականը դրանք կրճատելով գրեթե 50 տոկոսով:
Հաշվետվությունը հասանելի է այստեղ: