Նախապատմությունը
Կլիմային մարդու միջամտության մասին գիտական վկայությունը միջազգային արենայից առաջին անգամ հնչել է 1979թ. Կլիմայի համաշխարհային առաջին կոնֆերանսում: Քանի որ 1980-ական թվականներին հասարակայնության իրազեկությունն էկոլոգիական հիմնախնդիրների նկատմամբ շարունակում էր աճել, երկրները սկսեցին ավելի ուշադրություն դարձնել կլիմայի հիմնախնդրին: Մալթայի կառավարության առաջարկությամբ 1988թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդկության ներկա և ապագա սերունդների համար գլոբալ կլիմայի պահպանության մասին 43/53 որոշումը:
Նույն տարում Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կառավարման մարմինները հիմնեցին մի նոր մարմին՝ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը (ԿՓՓՄԽ-IPCC), խնդրո վերաբերյալ գիտական տեղեկատվությունը կարգավորելու և գնահատելու համար: 1990թ. ԿՓՓՄԽ-ն հրապարակեց Գնահատման իր առաջին զեկույցը, որը եզրակացրեց, որ կլիմայի փոփոխության վտանգն իրական է: Կլիմայի համաշխարհային երկրորդ կոնֆերանսը, որը տեղի ունեցավ Ժնևում նույն տարում, կոչ արեց ընդունել գլոբալ համաձայնագիր: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այդ կոչին արձագանքեց իր 45/212 որոշմամբ, որով պաշտոնապես հայտարարեց Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի բանակցային գործընթացի սկսելու մասին, որը պետք է վարեր Միջկառավարական բանակցային կոմիտեն (INC):
Բանակցային գործընթացը
Կոնվենցիայի բանակցությունները դժվարությամբ էին ընթանում, քանի որ չկար միասնական տեսակետ, թե ինչպիսին պետք է լինի կոնվենցիան և ինչ վերջնական նպատակ այն պետք է հետապնդի: Հիմնախնդիրը բարդանում էր նաև նրանով, որ այն շոշափում էր բազմաթիվ տնտեսական հետաքրքրություններ և մարդու գործունեության բազմաթիվ բնագավառներ: Ըստ բազմաթիվ տեսակետների կոնվենցիան պետք է ուղղված լիներ էներգիայի սպառմանը, քանի որ մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի հիմնական մասի աղբյուրը հանածո վառելիքի այրումն է: Սակայն այն պետք է ընդգրկեր նաև տնտեսության այլ բնագավառներ` տրանսպորտ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն: Ակնհայտ էր, որ Կոնվենցիայի բանակցությունները կպահանջեն ընդունել զգալի սահմանափակումներ, միջոցառումներ, որոնք ամբողջ աշխարհում շեշտակիորեն պետք է ազդեին տնտեսական և սոցիալական գործունեության վրա: Հատկապես ակնառու էր զարգացած և զարգացող երկրների տեսակետների տարբերությունը: Զարգացող երկրները պահանջում էին հաշվի առնել տնտեսական զարգացման իրենց իրավունքը և դեմ էին արտանետումների կրճատման կամ սահմանափակման գաղափարին, քանի որ այն բացասաբար կանդրադառնար իրենց տնտեսական աճի վրա: Ըստ նրանց կլիմայի փոփոխությունը, հիմնականում, զարգացած երկրների տնտեսական գործունեության արդյունք էր, այդ պատճառով հիմնական պատասխանատվությունը պետք է նրանք ստանձնեն և միջոցառումներ իրականացնեն իրենց տարածքում: Միջոցառումների լայն սպեկտրին կողմնակից էին հատկապես փոքր կղզային պետությունները, որոնց տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակերևույթից ոչ մեծ բարձրության վրա և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալն առաջին հերթին սպառնալից կլինի նրանց համար: Մյուս կողմից, նավթ արտադրող երկրների համար անհանգստության առարկա էր, որ հանածո վառելիքի օգտագործման սահմանափակումը լուրջ հարված կհասցնի նրանց տնտեսությանը: Զարգացած երկրները ստանձնեցին հիմնական պատասխանատվությունը և խոստացան, որ կձեռնարկեն արտանետումների կրճատման միջոցառումներ: Նրանք համաձայնվեցին նաև օժանդակել զարգացող երկրների ջանքերին, սակայն հրաժարվեցին ստեղծել նոր ֆինանսական մեխանիզմ, հույս հայտնելով, որ այդ ֆունկցիան կկատարի 1991թ. ստեղծված Գլոբալ էկոլոգիական ֆոնդը:
Շուտով հայտնի դարձավ, որ ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ սահմանել արտանետումների քանակական սահմանափակումներ: Ելնելով զարգացած և զարգացող երկրների ընդհանուր, սակայն դիֆերենցված պատասխանատվության սկզբունքից, հնարավոր էր միայն ընդունել շրջանակային տեքստ և նրա հիման վրա զարգացնել հետագա գործունեությունը:
Ընդունումը
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան ընդունվել է ¬1992թ. մայիսի 9-ին: 1992թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսում (կամ Երկրի վեհաժողովում) նոր կոնվենցիան արդեն բաց էր ստորագրման համար: Այն ուժի մեջ մտավ 1994թ. մարտի 21-ին: Ներկայումս կոնվենցիային արդեն միացել էին 189 երկիր և Եվրամիությունը: 2004թ. նշվեց Կոնվենցիայի ընդունման 10-ամյակը:
Կոնվենցիան վեաբերում է ջերմոցային այն գազերին, որոնք չեն հսկվում Մոնրեալի արձանագրությամբ:
Կոնվենցիան երկրները բաժանում է 2 հիմնական խմբի. Հավելված I Կողմեր և Հավելված I չպատկանող Կողմեր: Հավելված I որոշ Կողմեր թվարկվում են նաև Կոնվենցիայի Հավելված II և հայտնի են որպես Հավելված II Կողմեր:
Հավելված I թվարկվում են 41 Կողմեր: Դրանք արդյունաբերական երկրներն են, որոնք պատմականորեն ամենից շատ են ներդրում կատարել կլիմայի փոփոխության մեջ: Դրանց թվին են պատկանում նաև համեմատաբար հարուստ արդյունաբերական երկրները, որոնք 1992թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամներն էին, և "անցումային տնտեսություն ունեցող երկրները"` Ռուսական դաշնությունը, Մերձբալթյան երկրները և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ: Հավելված II Կողմերը թվով 24-ն են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրները: Հավելված I չպատկանող Կողմերի խմբում հաշվում են 145 երկիր:
ՄԱԿ ԿՓՇԿ-ի վերաբերկալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը. www.unfccc.int
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |