2008թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող / ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն Կոնսուելո Վիդալը և ՀՀ բնապահպանության նախարար պրն Արամ Հարությունյանը ստորագրեցին Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) Ածխածնային մեխանիզմի շուրջ Փոխըմբռնման հուշագիրը: Ածխածնային մեխանիզմի հիմնական նպատակն է ընդլայնել ածխածնային ֆինանսավորման հասանելիությունը` այդ գործընթացի մեջ ներգրավելով զարգացած երկրներին և խթանել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնող նախագծերը, որոնք կնպաստեն նաև ՀԶՆ նպատակների իրականացմանը, նպաստելով երկրների կայուն զարգացմանը և աղքատության նվազեցմանը:
ՀԶՆ Ածխածնային մեխանիզմը գործում է Կիոտոյի արձանագրության ներքո Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս զարգացած երկրներին կատարել ջերմոցային գազերի կրճատման իրենց պարտավորությունները` գնելով ածխածնային կրեդիտներ զարգացող երկրներում իրականացվող նախագծերից: Ընդ որում ՄԱԶԾ-ն նպատակ չունի գնել կամ այլ սեփականության իրավունք վերապահել ՀԶՆ Ածխածնային մեխանիզմի ներքո իրականացվող նախագծերի ածխածնային կրեդիտների (ջերմոցային գազերի կրճատումների) հանդեպ: ՄԱԶԾ-ն նպատակ ունի տեխնիկական աջակցության ցուցաբերել հիշատակված նախագծերի իրականացման ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2002թ. դեկտեմբերին: Պետք է նշել, որ Հայաստանը զարգացող երկրի իր կարգավիճակով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման քանակական պարտավորություններ չունի, սակայն կարող է Արձանագրությամբ ամրագրված այսպես կոչված Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի իրականացման միջոցով համագործակցել այդպիսի պարտավորություններ ունեցող զարգացած երկրների հետ Կլիմայի գլոբալ տաքացման երևույթի դեմ պայքարում: Մաքուր զարգացման մեխանիզմով իրականացվող նախագծերը պետք է անպայման նպաստեն երկրի կայուն զարգացմանը, այսինքն տնտեսական աճին, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը` արտաքին ներդրումների և նորարարական տեխնոլոգիաների փոխանցման միջոցով:
2006թ. ՀՀ Կառավարության որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ճանաչվել է երկրում այդ գործընթացը համակարգող Լիազորված ազգային մարմին:
Մինչ այժմ Հայաստանում նախաձեռնվել է թվով 10 Մաքուր զարգացման մեխանիզմի նախագիծ` թափոնների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, անտառապատման բնագավառներում, որոնք գտնվում են զարգացման զանազան փուլերում: Դրանցից 4-ը անցել են հաստատման բոլոր փուլերը և գրանցված են Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային Գործադիր Խորհրդի կողմից:
ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ստորագրվող Փոխըմբռնման հուշագիրը պետք է ապահովի տեխնիկական օժանդակության ծառայություններ Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի մշակման և պաշտոնական գրանցման ընթացակարգերի իրականացման փուլերում, իսկ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից ընտրված "Ֆորտիս" բանկը ծառայություններ կտրամադրի այսպես կոչված ածխածնային ֆինանսավորման համար, խթանելով արտաքին ներդրումնների ներգրավումը` վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, գազի համակարգերից կորուստների նվազեցման, անտառապատման ծրագրերում:
Կիոտոյի արձանագրությունը միջազգային առաջին փորձն է կիրառելու շուկայական մեխանիզմներ բնապահպանական խնդիրների լուծման համար նորարարական տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, այդ գործընթացին մասնակից դարձնելով մասնավոր սեկտորին:
Մեկնարկվող նախագիծը տարածաշրջանային է, ուստի միջազգային համագործակցությունը այս ծրագրում կնպաստի նաև գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ու խորացմանը: Ստորագրվող Համաձայնագիրը մեկ անգամ ևս ընդգծում է ՄԱԿ-ի կառույցների հետ Հայասատանի Հանրապետության Կառավարության արդյունավետ համագործակցությունը ի շահ Հայաստանի կողմից որդեգրած կայուն զարգացման նպատակների:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |