Նուբարաշենի աղբավայրի ՄԶՄ նախագծի քննարկմանը նվիրված կլոր սեղան Երևանի "Օրհուս" կենտրոնում

2008թ. հունիսի 24-ին Երևանի Օրհուսի կենտրոնի գրասենյակում անցկացվեց կլոր սեղան` նվիրված Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) շրջանակներում իրականացվող "Երևան քաղաքի Նուբարաշենի ԿԿԹ աղբավայրում կենսագազի օգտահանում և էլեկտրական էներգիայի արտադրություն" նախագծի ներկա կարգավիճակի և մասնակիցների առջև ծառացած խնդիրների քննարկմանը: Հանդիպմանը մասնակցեց ավելի քան 25 մասնագետ` հանրային և բնապահպանական հասարակական կազմակերպություններից, ՀՀ բնապահպանության նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, ԵԱՀԿ-ի և ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակներից, ինչպես նաև ճապոնական "Շիմիզու" կորպորացիայից, որը ՄԶՄ նախագիծն իրականացնող հիմնական ընկերությունն է:

Կլոր սեղանի նախագահի ողջյունի խոսքից հետո ելույթով հանդես եկավ "Շիմիզու" կորպորացիայի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման նախագծերի վարչության գլխավոր մասնագետ պրն Ակիհիկո Հիրայաման, որը ներկայացրեց հիշատակված նախագծի նախապատմությունը և հիմնադրույթները, նախագծի բնապահպանական և սոցիալական օգուտները, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական ցուցանիշները:

Իր ելույթում պրն. Հիրայաման  կլոր սեղանի մասնակիցներին ներկայացրեց նաև նախագծի ներկա կարգավիճակը: Մասնավորապես, նա նշեց, որ առաջարկվող ծրագրի նախագծային փաստաթուղթը դեռևս 2005թ. արժանացել է ոչ միայն Ճապոնիայի կառավարության, այլ նաև Հայաստանի մի շարք շահագրգիռ կազմակերպությունների, մասնավորապես` ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ՀՀ էներգետիկայի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավանությանը:
 
Շահագրգիռ կազմակերպություններից ստանալով դրական արձագանք, ճապոնական կոնսորցիումը ("Շիմիզու" կորպորացիյա և "Հոկայդո էլեկտրի ընդ պաուեր" ընկերություն) նախագծի մշակման պահից նախագծի հետագա զարգացման, նախագծի իրականացման վայրի այցելության և դաշտային ուսումնասիրությունների կազմակերպման, ինչպես նաև տեխնիկական փաստաթղթերի մշակման համար արդեն 1 մլն. ԱՄՆ դոլար է ծախսել` ներառյալ նաև նախագծի Համաձայնագիրը: Վերջին փաստաթուղթը սահմանում է նախագծի իրականացման պայմանները, ինչպես նաև նախագծի ներքո կողմերի փոխադարձ պարտավորությունները:

Պրն. Հիրայաման նաև շեշտեց, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է տեղակայել և շահագործել 1.4 ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրական էներգիայի գեներատոր, որը կաշխատի աղբավայրից որսվող կենսագազով: Արտադրված էլեկտրաէներգիան կվաճառվի էլեկտրական ցանցին, իսկ էլեկտրաէներգիայի իրացումից ստացված տարեկան եկամուտը, որը կկազմի մոտավորապես 1.2 մլն ԱՄՆ դոլար, հավասարաչափ կբաշխվի հայկական և ճապոնական կողմերի միջև: Այսպիսով, նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածի ընթացքում (16 տարի) Քաղաքապետարանի կողմից ստացված ընդհանուր գումարային հասույթը կկազմի 4.4 մլն. ԱՄՆ դոլար:

Նախագծի Համաձայնագրի վերջին տարբերակը դեռևս 2008թ. մայիսին համաձայնեցվել է նախագծի տեղական մասնակցի` Երևանի քաղաքապետարանի հետ: Սակայն փաստաթղթի ստորագրման գործընթացը, ինչպես նաև շինարարական աշխատանքների մեկնարկը հետաձգվել է ՀՀ էկոնոմիկայի (նախկինում` ՀՀ արդյունաբերության և տնտեսական զարգացման) նախարարության կողմից հիշատակված Համաձայնագրի վերաբերյալ արված բացասական մեկնաբանությունների պատճառով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հիմնական մտահոգությունը կապված է Համաձայնագրի այն դրույթին հետ ըստ որի հայկական կողմը (Երևանի քաղաքապետարանը) պետք է ջանքեր գործադրի նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածում ապահովելու աղբի կամ նրա օրգանական բաղադրիչի կուտակումը Նուբարաշենի աղբավայրում: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների պնդման` հիշատակված դրույթը ենթադրում է Ճապոնական կոնսորցիումի կողմից Նուբարաշենի աղբավայրի մենաշնորհային շահագործում առաջարկվող նախագծի իրականացման ժամանակահատվածում և կարող է խոչընդոտել երկրորդ հնարավոր օպերատորի ներգրավմանը, ինչն անընդունելի է: Ուստի, առաջարկվում է վերանայել և չսահմանափակել (չերաշխավորել) Նուբարաշենի աղբավայրում կոշտ կենցաղային թափոնների (օրգանական թափոնների) կուտակման ժամանակահատվածը նախագծի իրականացման ընթացքում:

Նշված խնդրի լուծումը և նախագծի իրականացումն ապահովելու նպատակով "Շիմիզու" կորպորացիային առաջարկվեց գնահատել նախագծի տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը` աղբավայրում օրգանական թափոնների կուտակման տարբեր ժամանակահատվածների (2010, 2012, 2014, 2016, 2018 և 2020թթ.) և էլեկտրական էներգիայի գեներատորի տարբեր հզորությունների (0.6 - 1.4 ՄՎտ) պարագայում:
 
Առաջարկված նոր տարբերակների դեպքում նախագծի տեխնիկատնտեսական նպատակահարմարության գնահատման արդյունքում ստացված արդյունքների հիման վրա "Շիմիզու" կորպորացիային հաջողվեց ապացուցել նախագծի տնտեսական նպատակահարմարությունը, ինչպես նաև այն, որ 1.4 ՄՎտ հզորությամբ էլեկտաէներգիայի գեներատորի արդյունավետ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանական թափոնների կուտակումը Նուբարաշենի աղբավայրում շարունակվի մինչև 2016թ. ներառյալ:

Եզրափակելով ելույթը` պրն Հիրայաման մասնակիցներին տեղեկացրեց, որ վերը նշված արդյունքները ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` ներկայացված հաշվարկների, նախագծի Պայմանագրի և նախագծի մեկնարկման վերաբերյալ նախարարության կարծիքը ստանալու նպատակով:

Պրն Հիրայամայի ներկայացումից հետո ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ պրն Արամ Գաբրիելյանը և  Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի տեղակալը պրն Վարդգես Եղիազարյանը: Բանախոսներն իրենց ելույթների ընթացքում դրական գնահատականներ տվեցին նախագծին` ընդգծելով դրա բնապահպանական, սոցիալական և տնտեսական ակնհայտ շահերը: Առանձնահատուկ նշվեց, որ առաջարկվող նախագիծն ամբողջովին համապատասխանում է բոլոր ազգային բնապահպանական պահանջներին: Եզրափակող ելույթով հանդես եկավ "Շիմիզու" կորպորացիայի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման նախագծերի վարչության գլխավոր մենեջեր պրն Կուրիտան, որն ընդգծեց, որ ելնելով ինչպես ճապոնական, այնպես էլ հայկական կողմերի շահերից, Նուբարաշենի ՄԶՄ նախագծի մեկնարկի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը և հաշվի առնելով մասնակիցների դրական դիրքորոշումը` որոշվեց կազմակերպել նախագծի քննարկմանը նվիրված ևս մեկ կլոր սեղան` հասարակական կազմակերպությունների առավել ծավալուն մասնակցությամբ: Հանդիպումը տեղի կունենա այն բանից հետո, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի իր կարծիքը ճապոնական կոնսորցիումի կողմից կատարված նախագծի տեխնիկատնտեսական նպատակահարմարության վերլուծության արդյունքների և նախագծի Պայմանագրի վերաբերյալ:

Բոլոր մասնակիցները նշեցին, որ նախագծի իրականացմանը խոչընդոտող բացասական արձագանքի դեպքում, խնդիրը պետք է ներկայացվի Հանրապետության վարչապետին և միաժամանակ ապահովվի հասարակության ավելի ակտիվ մասնակցությունը խնդրի լուծման գործընթացին:

Համապատասխան նկարներ

  
  
  
  
  
  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: