ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N -1/2005 (ՀՀ բնապահպանության նախարարություն) - 2005/08/16
Օրակարգը՝
Ծրագրի նպատակի և խնդիրների ներկայացում:
Զեկուցող՝ Ա. Գաբրիելյան, Ծրագրի համակարգող
Ծրագրի աշխատանքային պլանի և մեկնարկային գործողությունների ներկայացում:
Զեկուցող՝ Դ. Հարությունյան, Ծրագրի կառավարիչ
Նախագահող՝ Սիմոն Պապյան
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, ՄԱԶԾ-ի բնապահպանական կառավարման ծրագրերի խմբի ազգային տնօրեն, ԾՂԿ-ի նախագահի տեղակալ
Ղեկավար կոմիետի նիստի նախագահող պրն. Պապյանը նշեց, որ ՂԿ 19 անդամներից ներկա են 14-ը, և ճշտելուց հետո, որ առարկություններ չկան օրակարգի վերաբերյալ, նիստը հայտարարեց բացված:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ պրն. Աթոյանը խնդրեց նիստի նախագահող պրն. Պապյանից մինչև նիստի օրակարգին անցնելը խոսք տալ պրն. Հայկ Դավթյանին: Պրն. Դավթյանը ներկայացրեց Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մտահոգությունը կապված հետևյալի հետ. դրամաշնորհի համաձայնագրի հաստատումը չի իրականացվել միջազգային համաձայնագրերի հաստատման համար օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան, Ծրագրի կառավարման համար չի ստեղծվել պետական հիմնարկ (ԾԻԳ) և Վարչապետի կամ Կառավարության որոշմամբ չի ստեղծվել ծրագրի կառավարման խորհուրդ:
Նախագահողի առաջարկությամբ հարցապնդմանը պատասխանեց տկն. Ռ.Դավթյանը: Նա նշեց, որ ծրագրի փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ բնապահպանության նախարարի կողմից որպես ծրագրի համար լիազորված ազգային համագործակցող գերատեսչություն: ԳԷՖ-ի կողմից տրամադրված դրամաշնորհի համար իրականացնող գործակալություն է հանդիսանում ՄԱԶԾ-ն, որը ՀՀ կառավարության հետ 1995թ. ստորագրել է Հիմնական օժանդակության մասին համաձայնագիր, որը և հանդիսանում է ծրագրի իրականացման ընթացակարգի իրավական հիմքը: Բացի դրանից ծրագրի խնդիրները ներառված են Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման աջակցության 2005–2009թթ. ծրագրի գործողությունների պլանում (ստորագրվել է ՀՀ Վարչապետի կողմից 2004թ. դեկտեմբերի 1-ին):
Ստորագրվող փաստաթուղթը համաձայնեցված է եղել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ ստորագրման լիազորությունները ՀՀ բնապահպանության նախարարը ստացել է ՀՀ Վարչապետից: Ծրագրի իրականացման և կառավարման մանրամասները ամրագրված են ծրագրի փաստաթղթում և համապատասխանում են ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերի ընթացակարգին:
Նախագահող պրն. Պապյանը ավելացրեց, որ ս.թ. օգոստոսին ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և ՀՀ Կառավարությանը ներկայացրել է համապատասխան պարզաբանումներ և այդ հարցը Ղեկավար Կոմիտեի նիստի քննարկման առարկա լինել չի կարող: Պրն. Պապյանը նշեց, որ բոլոր մասնակիցներին ներկայացված են եղել ԾՂԿ-ի կազմը և լիազորությունները և եթե մասնակիցները չունեն որևէ առարկություն ներկայացված նյութի վերաբերյալ, ապա առաջարկեց անցնել օրակարգով նախատեսված հարցերին:
1. Ծրագրի նպատակի և խնդիրների ներկայացում
Պրն. Գաբրիելյանը ներկայացրեց ՄԱԶԾ/ԳԷՖ ՙՀայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում՚ ծրագրի նախապատմությունը, համառոտ նկարագրեց Հայաստանի ջերմամատակարարման ծավալները 1999թ. և 2000թ. դրությամբ, ԳԷՖ-ի դրամաշնորհային ծրագրի նախապատրաստական փուլի (PDF B) տեխնիկատնտեսական հիմավորման հիմնական բաղադրիչները, CO2-ի տարեկան արտանետումները և ջերմային էներգիայի տեսակարար արժեքն ըստ ջերմամատակարարման ուսումնասիրված տարբերակների, լայնամասշաբ ծրագրի նպատակը, հիմնական բաղադրիչները ըստ ծրագրի փաստաթղթի և զուգահեռ ընթացող ծրագրերի հետ համագործակցության հնարավորությունները և հեռանկարները: Հատուկ շեշտվեց Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմով ջերմամատակարարման նախագծերի իրականացման հնարավորությունները:
Քննարկումներ՝
Տկն.Վարդանյանի հարցին, թե ինչ ցուցանիշներով է գնահատվելու ծրագրի հաջողությունը, պրն. Գաբրիելյանը պատասխանեց, որ ծրագրի հաջողության գնահատման հիմնական ցուցանիշը լինելու է ջեռուցման և տաք ջրամատակարարման համակարգում արտադրված ջերմային էներգիայի միավորի հաշվով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը: Բացի այդ, ծրագրի բոլոր գործողությունների համար կան չափելի և ոչ չափելի ցուցանիշներ, որոնք նշված են ծրագրի փաստաթղթում (տեղադրված է ծրագրի կայքում) և դրանք պետք է վերահսկվեն մոնիտորինգի ընթացքում: Սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա դրանք հստակեցնել:
2. Ծրագրի աշխատանքային պլանի և մեկնարկային գործողությունների ներկայացում:
Տկն. Հարությունյանը համառոտ ներկայացրեց ծրագրի 2005թ. աշխատանքային պլանի հիմնական բաղադրիչները, ծրագրի ընթացքը, պլանավորված և իրականացված մեկնարկային գործողությունները, որոնք սկսվել են 2005թ. հունիսի կեսից: Սեպտեմբերի սկզբին նախատեսվում է կազմակերպել ծրագրի մեկնարկային սեմինար, որի ընթացքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ պետք է մանրամասն քննարկվեն ծրագրի գործողությունները, համաձայնեցվեն և ճշգրտվեն ջերմամատակարարման ոլորտում զուգահեռ ընթացող ծրագրերի հետ համագործակցության հիմնական ուղղությունները: Նա նշեց, որ ստեղծվել է փորձագիտական աշխատանքային խումբ, կնքվել է պայմանագիր միջազգային խորհրդատուի հետ, կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների, մասնավոր սեկտորի հետ և այլն:
Քննարկումներ՝
Պրն. Գալստյանը կարևորեց ծրագրի ճիշտ համակարգման և աշխատանքային պլանի արդիականացման անհրաժեշտությունը, որը թույլ կտա խուսափել կրկնողություններից:
Տկն. Բալաբանյանն առաջարկեց հստակեցնել ծրագրի համակարգման սխեման, որի արդյունքում կճշգրտվեն զուգահեռ ընթացող ծրագրերի հնարավորությունները, և լավ կլիներ Ղեկավար Կոմիտեի կազմում ներգրավել նաև Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գործադիր տնօրեն տկն. Թ.Բաբայանին:
Պրն. Պապյանն այդ առաջարկի առումով նշեց, որ քանի որ նախարարությունը տեղեկացված չէ այդ հիմանդրամի գրանցման և գործադիր տնօրենի նշանակման փաստի մասին, այդ պատճառով ՂԿ կոմիտեի նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչը չի հրավիրվել: Կարևորելով համակարգման անհրաժեշտությունը ծրագրի և Հիմնադրամի աշխատանքների միջև և հիմնվելով ստացված տեղեկատվության վրա, որ Հիմանդրամի գործադիր տնօրենն արդեն նշանակվել է, Բնապահպանության նախարարությունը գրությունով կդիմի Հիմնադրամին, հրավիրելով ընգդրկվել ՂԿ կազմում և այդպիսով համալրել կազմը:
Տկն. Սիմոնյանն առաջարկեց ստեղծել տեխնիկական մասնագետներից բաղկացած խումբ, որը կապահովի ծրագրի տեխնիկական առաջադրանքների և ծրագրի ընթացիկ մանրամասն աշխատանքային պլանների քննարկումը և համաձայնեցումը:
Պրն. Աթոյանն ակնարկեց, որ յուրաքանչյուր հարցի լուծման համար անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում և նման հարցերի լուծումը պետք է կապվի երկրի ընդհանուր ռազմավարության հետ, և որպես օրինակ նշեց, որ հասկանալի չէ ինչով է բացատրվում ընտրված դպրոցների ցանկը, որոնց ջերմամատակարարումը պետք է իրականացվի վարկային ծրագրի միջոցներով, կամ ինչով է բացատրվում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող ՄԱԶԾ/ԳԷՖ շրջանակներում համատիրությունների աջակցության բաղադրիչի ներառումը և ծրագրի հետ նրա կապը:
Պրն. Գաբրիելյանն այդ հարցադրմանը պատասխանեց, որ բազմաբնակարանային շենքերի ջերմամատակարարման կառավարման կազմակերպման, վարձավճարների հավաքման և ջերմամատակարարման էներգաարդյունավետութ¬յան բարձրացման համար համատիրությունների դերը վճռորոշ է, քանի որ համատիրություններն իրենց բնույթով ներկայացնում են սպառողների շահերը, իսկ վերջիններս շահագրգռված են էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման մեջ, դրանով էլ հենց պայմանավորված կլինի ջերմոցային գազերի կրճատումը: Այդ տեսակետից բնապահպանական հարցերն առավել քան կապված են այդ կառույցների հետ:
Նիստի վերջում պրն. Պապյանն առաջարկեց աշխատանքային պլանի վերաբերյալ ներկայացնել գրավոր առաջարկություններ և հաշվի առնել, որ նախատեսված է ծրագրի 2005թ. գործողությունները քննարկել մեկնարկային սեմինարի ժամանակ: Սեմինարի ժամանակ գործողությունների համակարգման մեխանիզմները կճշգրտվեն զուգահեռ ընթացող ծրագրերի հետ և դրա հիման վրա կմշակվի 2006թ. աշխատանքային պլանը, որը հետագայում կներկայացվի Ղեկավար կոմիտեի քննարկմանը:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |